Приветствую Вас, Հյուր! Регистрация RSS
Կիրակի, 19.05.2024

Երկիր մոլորակ
Երկրի կառուցվածքը

Երկիրը՝ ընդարձակ Արեգակնային համակարգի փոքր մոլորակներից մեկը, մի շարք առումներով եզակի է։ Նրա վրա կյանք կա, ջուր կա, իսկ մակերևույթը մշտապես նորանում է։ Երկիրը պատված է բարակ կարծր շերտով` երկրակեղևով, որի վրայով մենք քայլում ենք։ Երկրի՝ մեզ տեսանելի մասերը մոլորակի մի չնչին հատվածն են միայն։ Կեղևի տակ գտնվում է հաստ, բազմաշերտ մանթիան (պատյանը), որը նույնպես կազմված է կարծր ապարներից, իսկ գնդի կենտրոնում մետաղական միջուկն է, որը մասամբ պինդ է, մասամբ՝ հեղուկ։ Մոլորակը շրջապատված է մագնիսական դաշտով, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է և Երկրի մակերևույթր պաշտպանում Արեգակի՝ կյանքի համար կործանարար հզոր ճառագայթումից։ Սիլիկատային ապարներից կազմված երկրակեղևը պատված է ջրի թաղանթով և մթնոլորտային գազերով. վերջիններս գրեթե ամբողջովին նախկին հրաբխային ժայթքումների արգասիքն են։ Երկրակեղևը կազմված է հատվածներից՝ սալերից, որոնք դանդաղ շարժվում են միմյանց նկատմամբ։ Միլիոնավոր տարիների ընթացքում այդ շարժումների և սալերի փոխազդեցություների արդյունքում ձևավորվել են մայրցամաքները:
Երկրագնդի տեսքը արբանյակից:

Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ։ Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածի մասում՝ ուռած այնպես, որ նրա շառավիղը բևեռներում 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավդից։ Հին հույն փիլիսոփա Պյութագորասը (մ.թ.ա. մոտ 570 - 500) կարծում էր, որ Երկիրը գնդաձև է։ Նա այդ գաղափարը հղացավ՝ դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատեց, որ սկզբից երևում են միայն նավի կայմերը, իսկ նավախելը երևում է, երբ նավն ավելի է մոտենում։
Երկրի ընդերքը:

Երկրակեղևը Երկրի ընդհանուր չափերի համեմատ ավելի բարակ է, քան այստեղ պատկերված գիծը՝ նկարի մասշտաբում։ Երկրակեղևի հաստությունն օվկիանոսների տակ մոտավորապես 5 կմ է, իսկ մայրցամաքների տակ՝ մոտ 35 կմ։ Կեղևի տակ գտնվող մանթիայի հաստությունը մոտավորապես 3000 կմ է։ Մետաղական միջուկն ունի արտաքին՝ հեղուկ, և ներքին՝ պինդ մասեր։ Միջուկում ճնշումը գրեթե միլիոն անգամ գերազանցում է մթնոլորտային ճնշմանը, իսկ ջերմաստիճանը 4500 °C է։ Լաբորատորիայում այսպիսի պայմաններ անհնար է վերարտադրել, հետևաբար Երկրի միջուկը կազմող մետաղի վիճակի մասին տեղեկությունները հիմնված են սոսկ ենթադրությունների վրա։
Մագնիսական դաշտը:

Երկրի հեղուկ մետաղական արտաքին միջուկը հոսում և ալեկոծվում է՝ առաջացնելով մագնիսական դաշտ։ ժամանակ առ ժամանակ, գուցե հազարավոր կամ տասնյակ հազարավոր տարիների ընթացքում, մագնիսական դաշտի ուղղությունը շրջվում է, որի պատճառը անհայտ է։ Մագնիսական դաշտի ուժագծերը կարելի է մոտավորապես պատկերացնել որպես երկրագունդը պարուրող հսկայական «կանթեր»՝ նրա հյուսիսային և հարավային բևեռների միջև, որոնք վահանի պես պաշտպանում են Երկրի մակերևույթը Արեգակից եկող՝ էլեկտրական լիցք կրող մասնիկների հեղեղից (արեգակնային քամի)։ Այդ վահանը գոյացնում է մի մագնիսական խոռոչ, որը կոչվում է մագնիսոլորտ։ Երբ Երկրի մագնիսական դաշտը հանդիպում է արեգակնային քամուն, ապա դաշտի՝ Արեգակին ուղղված մասը սեղմվում է, իսկ հակառակ կողմում առաջանում է պոչանման եզր։ Լարերից պատրաստված այս մոդելը պատկերում է արեգակնային քամու հետ Երկրի մագնիսական դաշտի փոխազդեցությունը։
Երկրի տարբեր կետերում կողմնացույցի սլաքի որոշակի ուղղությամբ կողմնորոշվելու փաստը հնարավորություն է տալիս կատարելու հետևյալ կարևոր եզրակացությանը։
Առաջին`Երկիրը մի հսկայական մագնիս է, որի մագնիսական դաշտի գծերի ուղղությամբ էլ դասավորվում է կողմնացույցի սլաքը տարածության տվյալ կետում։
Երկրորդ`Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ`նրա մագնիսական դաշտի հարավային բևեռն է, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ`հյուսիսային մագնիսկան բևեռը։ Դա Է պատճառը, որ կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը, ձգվելով Երկրի մագնիսական հարավային բևեռից, ուղղվում է դեպի հյուսիս։
Категория: Լուրեր | Добавил: ero (23.02.2012)
Просмотров: 4246 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
row">

Добавить комментарий